ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Իսկական փողոցային խոստովանարան էր

Իսկական փողոցային խոստովանարան էր
27.04.2024 | 07:22

Քայլում էիր փողոցում, մեկ էլ տեսնում էիր՝ մայթին միայնակ կանգնած ա հեռախոսի երկարուկ, մետաղյա, ապակեպատ խցիկը։ Մտնում էիր, դուռը փակում ու առանձնանում արտաքին աշխարհից։ Պատուհանից տեսնում էիր մարդկանց, մեքենաները, բայց դու առանձին էիր, քեզ ոչ ոք չէր լսում։

Տարօրինակ զգացողություն էր՝ փողոցի մեջտեղը՝ գնացող-եկող մարդկանց մեջ, լրիվ առանձնանալը։ Ասես անտեսանելի ես դառնում։ Ես նման զգացողություն ունենում էի, երբ փոքր ժամանակ մանկական սայլակի մեջ քնած երեխա էի տեսնում։ Ն՜ենց էի նախանձում, որ փողոցում, մարդկանց, մեքենաների, խաժամուժի մեջ իր համար հանգիստ հանվել-պառկել ա իր անկողնում ու մուշ-մուշ քնել. շարժական ննջարան։ Աչքդ բացում ես, տեսնում ես հագած-կապած մարդիկ, իսկ դու քո համար քո անկողնում պառկած կինոյի նման նայում ես նրանց ու երբ կուզես՝ աչքերդ կփակես, կքնես։
Եթե գրպանումդ երկու կոպեկ ունեիր, նշանակում էր՝ էդ նեղ խցիկից կարող ես զանգել մեծ քաղաքի տասնյակ հազարավոր հեռախոսներից ցանկացածի վրա ու ժամերով խոսել, իսկ եթե չկար, անցորդներից մեկը հաստատ կտար, մեծ բան չէր։ Երկու կոպեկանոցը հեռախոսի փողն էր. ուրիշ տեղեր էլ կարելի էր օգտագործել, բայց հիմնական նշանակությունը հեռախոսն էր։
Ամեն մի երկու կոպեկանոց իր երկար, կարմրավուն, պղնձե կյանքում էնքան խոսակցություն էր լսել, որ եթե դրանք իրար պոչի կպցնեիր, խոսակցությունը մինչև լուսին կհասներ ու հետ կգար։ Իսկ հեռախոսի խցիկն իսկական փողոցային խոստովանարան էր։ Ինչքա՜ն գաղտնիքներ էին բուն դրել էդ խցիկի ապակեպատ պատերի վրա՝ էլ սիրո խոստովանություններ, էլ վեճեր, լաց, ծիծաղ, խնդրանքներ ու հայհոյանքներ, անպատասխան զանգեր, երկար սպասումներ․․․
Հիմա հեռախոսի խցիկներ չկան, հիմա քայլելով են խոսում, ու խոսակցությունը դեռ բերանից դուրս չեկած՝ ցնդում ա օդում, մոռացվում, որովհետև կորցրել ա իր նշանակությունը, կորցրել ա իր անհատականությունը, դարձել ա երկկողմանի տեղեկատվություն ու էլ պաշտպանված չի հեռախոսային խոստովանարանի հուսալի պատերով։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10952

Մեկնաբանություններ